14 մայիսի 2010 - 11:52 AMT
ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի ամենամյա հավաքը տեղի կունենա Զագրեբում մայիսի 14-15-ին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի` ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի ամենամյա հավաքը և գործարար համաժողովը տեղի կունենա Զագրեբում մայիսի 14-15-ին «Կայուն աճի կառուցում» ընդհանուր խորագրով:

Համաժողովը կբացեն Խորվաթիայի վարչապետ Յադրանկա Կոսորն ու ՎԶԵԲ-ի նախագահ Թոմաս Միրովը: Հատուկ հյուրը կլինի տնտեսական և մոնետար հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը:

Օրակարգի կարևորագույն հարցերից է կապիտալի ավելացումը առկա 20 մլդր եվրոյից մինչև 30 մլրդ եվրո: Նախատեսվում է, որ մինչ 2015 թվականը ՎԶԵԲ-ը կկարողանա պահպանել իր ներդրումային գործունեության ամենամյա ծավալը 8,5-9,0 մլրդ եվրոյի մակարդակի վրա: 2009թ. ՎԶԵԲ-ի ներդրումները ռեկորդային էին բանկի համար` 7,9 մլրդ եվրո:

ՎԶԵԲ-ի մենեջմենտն առաջիկա տարեկան հավաքում մտադիր է հանդես գալ բանկի գործունեության երկրներում ազգային արժույթով ներդրումների խթանման նախաձեռնությամբ: