14 մայիսի 2010 - 20:14 AMT
Եվրոպական ներդրումային բանկը հետաքրքրված է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի կառուցման նախագծով

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը Թբիլիսի կատարած իր այցի շրջանակներում, որտեղ նա մայիսի 11-13-ը մասնակցում էր «Տրանսպորտային հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով համակարգող դոնորների խորհրդակցությանը, աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ:

ՀՀ Տրանսպորտի նախարարության մամլո հաղորդագրության համաձայն, ԵՆԲ ներկայացուցիչները հետաքրքրվածություն են հայտնել «Հյուսիս-Հարավ» ավտոմոբիլային մայրուղու կառուցման նախագծին մասնակցության հարցում: Մասնավորապես բանկը պատրաստակամություն հայտնել սկսելու քննարկումներ` նախագծի Աշտարակ-Գյումրի հատվածի վերակառուցման համաֆինանսավորմանը` 120 մլն ԱՄՆ դոլարի չափով մասնակցելու մասին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին առաջարկել է ուսումնասիրել նաև երկաթուղու շինարարության բնագավառում համագործակցության հնարավորություններ: