14 մայիսի 2010 - 20:26 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական ու եվրասիական հարցերով տեղակալի օգնականին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 14-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի օգնական Թինա Քայդանաուին:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-ամերիկյան համագործակցությոան խորացումը և շնորհակալ է ԱՄՆ-ի կառավարությանը` Հայաստանին ցուցաբերվող ծավալուն աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված ջանքերի համար:

Զրուցակիցները կարևորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը նախորդ ամսին Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին, այդ շրջանակում ունեցած երկկողմ հանդիպումները, և նշել քաղաքական ակտիվ երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը:

Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, պատրաստակամություն հայտնել շարունակել գործակցությունը տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:

Հանրապետության նախագահը ու Թինա Քայդանաուն մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ` կարևորել այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերի շարունակումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: