17 մայիսի 2010 - 11:55 AMT
ՀՀ փոխվարչապետը ծանոթացավ Կոտայքի մարզում իրականացվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ մարզում իրականացվող ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ եղավ Ալափարս համայքնում, որտեղ Համաշխարհային բանկի «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման» ծրագրի առաջին փուլով արդեն ավարտվել է պոմպակայանի նորոգումը, որի համար հատկացվել է 141 մլն դրամ: Փոխվարչապետը ծանոթացավ նաև «Հայջրմուղկոյուղի» ընկերության ջրաղբյուրների, մասնավորապես` կապտաժային կառույցների վիճակին, որոնցով ապահովվում է Չարենցավանի և հարակից համայքների խմելու ջրի մատակարարումը:

Հրազդանի քաղաքապետարանում մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և քաղաքապետ Արամ Դանիելյանի մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը փոխվարչապետին ներկայացվեց «Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման» ծրագրի երկրորդ փուլով իրականացվող քաղաքի ջրամատակարարման բարելավմանն ուղղված նախագիծը, որով նախատեսվում է քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցի վերականգնում. կնորացվի մոտ 125 կմ խողովակաշար ամբողջ քաղաքի տարածքում: Նախատեսվում է, որ աշխատանքերը կմեկնարկեն այս տարվա սեպտեմբերին և կավարտվեն 14 ամսից: Ծրագրի իրականացման համար կհատկացվի 5,8 մլն դոլար: Բացի այդ, Ասիական զարգացման բանկի ծրագրով նախատեսվում է նաև Հրազդանի ջրամատակարարման պոմպակայանի վերանորոգում, որի աշխատանքները կմեկնարկեն շուտով: Այս ծրագրի արժեքը մոտ 1 մլն դոլար է: Ծրագրերի իրականացման արդյունքում կավելանա ջրամատակարարման տևողությունը` հասնելով մինչև 18 ժամի, ինչպես նաև կբարձրանա մատակարարվող ջրի որակը: