17 մայիսի 2010 - 14:32 AMT
Էրդողանը Բաքվին առաջարկել է բավարարվել միայն Քելբաջարով և Ֆիզուլիո՞վ

Անկարան առաջարկում է Բաքվին բավարարվել միայն Ղարաբաղի երկու շրջաններով` Քելբաջարով և Ֆիզուլիով: Ինչպես գրում է Hurriyet թերթը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքու կատարած այցի շրջանակներում առաջարկել է Ադրբեջանի ղեկավարությանը համաձայնվել այդ երկու շրջաններից հայկական ուժերը դուրս բերելու և հայ-ադրբեջանական սահմանը բացելու հետ: Հոդվածի հեղինակը գրում է, որ Ադրբեջանը պահանջում է Ղարաբաղի 5 շրջանները, բայց քանի որ Հայաստանը չի ընդունում հակամարտության լուծման այդ տարբերակը, Ղարաբաղի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Աղբյուրի տեղեկատվության համաձայն, «բանակցություններն ընթանում են Ադրբեջանին միայն այդ երկու տարածքները հանձնելու շուրջ»: Հրատարակության համաձայն, այդ քայլով պաշտոնական Անկարան փորձում է առաջընթաց երաշխավորել ղարաբաղյան կարգավորման մեջ, որի անհրաժեշտության մասին թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են` խոսելով Հայաստանի հետ ստորագրված հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններից: «Եթե Հայաստանն այդ առաջարկին կառուցողական մոտեցում չցուցաբերի, Թուրքիան տևական ժամանակով կդադարեցնի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- գրում է թերթը` մեջբերելով կառավարական աղբյուրները: