17 մայիսի 2010 - 14:40 AMT
Թեհրանը համաձայն է հարստացնել ուրանը Թուրքիայում

Թեհրանի ցածր տոկոսով հարստացված ուրանի (մինչև 3,5 տոկոս) լրացուցիչ հարստացումը (մինչև 20 տոկոս) գիտահետազոտական ռեակտորի համար կկատարվի Թուրքիայի տարածքում: Համապատասխան համաձայնագիրը մայիսի 17-ին ստորագրել են Իրանի, Բրազիլիայի ու Թուրքիայի ղեկավարները:

Փոխանակման համար նախատեսված ուրանի քանակը 1,2 հազար կգ է, նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Փոխարենն Իրանը կստանա 120 կգ լրահարստացված ուրան, սակայն մտադիր չէ հրաժարվել ուրանի հարստացման ինքնուրույն ծրագրերից:

Այդպիսով, ճանաչվում է Իրանի ուրանի հարստացման իրավունքը, սակայն միջազգային հանրությունը իրավունք կստանա տեսչական այցեր կատարել Իրանի միջուկային օբյեկտներ և վերահսկել ատոմային ծրագրի խաղաղ բնույթը:

Թեհրանը մտադիր է առաջիկայում իրազեկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ձեռք բերված համաձայնության մանրամասների մասին: Նշեքն, որ մայիսի 8-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ «Թուրքիայի ու Բրազիլիայի առաջարկներն, ըստ Իրանի, կարող են իրոք գործուն լինել»: