17 մայիսի 2010 - 16:04 AMT
ԱՀՀ-ն պայքարում է խավարամտության դեմ Հայոց ցեղասպանության հարցում

Ամերիկայի Հայկական Համագումարի Երևանյան գրասենյակը «Երիտասարդություն» ՀԿ-ի հետ համատեղ մայիսի 18-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի դահլիճում կազմակերպում է հանդիպում-քննարկում թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

Քննարկման առարկա են դառնալու հատկապես վերջին շրջանում օտարերկրյա ուսանողների կողմից հնչեցրած կարծիքները, թե 20-րդ դարի սկզբին հայերն իրենց պահվածքով է, որ հրահրել են թուրքերին կատարել հայտնի անմարդկային ոճրագործությունը:

Մտահոգված լինելով այդ տագնապալի տրամադրություններից և հավատարիմ մնալով իրազեկելու և կրթելու իր կարևոր առաքելությանը` Ամերիկայի Հայկական Համագումարի Երևանյան գրասենյակը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալ գիտական հետազոտությունների, փաստերի և բացառիկ նմուշների հետ, հարցեր ուղղել մասնագետներին` մեկ և ընդմիշտ վերջ տալով խավարամտությանը, հաղորդում ԱՀՀ մամլո ծառայությունը: