17 մայիսի 2010 - 16:28 AMT
Միայն Արցախն իրավունք ունի տնօրինել ազատագրված տարածքները

Եթե Թուրքիային հաջողվի տարածաշրջանային տերություն դառնալ, դա կանդրադառնա Հայաստանի ազգային անվտանգության վրա: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: «Չնայած Թուրքիայի ջանքերին, ես չեմ կարծում, թե նրան կհաջողվի դա անել, քանի որ երկրի ներսում առկա խնդիրները շատ են: Ես չեմ կարծում նաև, որ գերտերությունները թույլ կտան, որպեսզի Անկարայի դերը տարածաշրջանում մեծանա»,-ասել է Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այցին Բաքու և այնտեղ ղարաբաղյան խնդիրը քննարկելու մտադրությունը` Մարտիրոսյանն ասել է. «Ես դեմ եմ տարածքային զիջումներին, քանի որ այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ Սահմանադրության մեջ և միայն Ղարաբաղն իրավունք ունի տնօրինել ազատագրված տարածքները: Եթե նույնիսկ գեթ մեկ գյուղ հանձնվի, դա ծանրագույն հետևանքներ կունենա»,-ասել է կուսակցության առաջնորդը: Ընդ որում, նա կարևոր է համարել ԼՂՀ անկախության ճանաչումը ՀՀ իշխանությունների կողմից: Ըստ նրա, իշխանությունները պետք է նաև վստահության մթնոլորտ ստեղծեն Հայաստանում: