17 մայիսի 2010 - 19:02 AMT
Սևակ Սարուխանյան. «Իրանա-թուրքական հարաբերությունները չեն ազդի տարածաշրջանի վրա»

Իրանի, Բրազիլիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների ստորագրած Իրանի խաղաղ նպատակներով ատոմի օգտագործման համաձայնագիրը միայն կարող է թուլացնել Իրանի շուրջ եղած լարվածությունը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրուցելիս ասել է իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նա նաև նշել է, որ Թեհրանի «միջուկային գործը» փակվելու է ժամանակավորապես, քանի որ կես տարի կամ երեք ամիս անց Իրանը կրկին կարող է հայտարարել, որ ուզում է իր տարածքում արտադրել միջուկային վառելիք:

Նրա խոսքերի համաձայն, այն, որ Թեհրանը համաձայնել է Թուրքիայի տարածքում հարստացնել ուրանը, արմատապես չի ազդի Հարավային Կովկասի վրա:

«Չնայած, որ այդ երկրները ռազմավարական գործընկերներ են, յուրաքանչյուրն ունի իր շահերը, և Հայաստանի ու ղարաբաղյան հակամարտության հարցերում Թեհրանի և Անկարայի շահերը չեն համընկնում», - ասել է հայ փորձագետը:

Նրա խոսքերի համաձայն, Իրանի հետ հարաբերությունները լավացնելով, Թուրքիան ջանում է ամրապնդել իր դիրքերը` որպես մահմեդական աշխարհի առաջնորդներից մեկը: