Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի Հայաստան կատարած այցի շրջանակներում, Երևանում մայիսի 17-ին տեղի ունեցավ հայ-չեխական գործարար համաժողով: Համաժողովին ներկա էին շինարարության և էներգետիկայի, ֆինանսական և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների ավելի քան 40 ընկերություն:
«Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճում է, սակայն դա մեզ չի կարող բավարարել, քանի որ դեռևս չբացահայտված ներուժ կա, ինչը նման հանդիպումների օգնությամբ կհաջողվի իրացնել:
Չեխիայի արդյունաբերողների միության փոխնախագահ և պատվիրակության ղեկավար Յարոսլավ Հանակն ասել է, որ չեխական արտադրանքը Հայաստանում պահանջարկ է ունեցել դեռևս Չեխոսլովակիայի Հանրապետության գոյության տարիներից, իսկ Չեխիայում մինչ օրս բարձր է գնահատվում հայկական կոնյակը:
«Սակայն այս ամենն արդեն անցյալում է մնացել: Այսօր մենք նոր հիմքերի վրա հարաբերություններ պետք է ստեղծենք: Չեխիան շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցությամբ, և ներդրումներ է առաջարկում արդյունաբերական արտադրության, էներգետիկայի, սննդի արդյունաբերության, ինչպես նաև շահագրգռված է գյուղատնտեսության ու զբոսաշրջության բնագավառներում համագործակցելու հարցում», - ասել է նա:
Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Միլան Հովորկան ասել է, որ Չեխիան` որպես Եվրամիության անդամ, կարող է կապող կամուրջ դառնալ Հայաստանի և ԵՄ միջև:
Ներկայում Հայաստանում չեխական կապիտալով գործում է 11 ընկերություն: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2009 թ. կազմել է 16,7 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում ներմուծվել և արտահանվել են հետևյալ ապրանքները` հրուշակեղեն, թուղթ, կերամիկա, ապակյա իրեր, սև մետաղներ, ցամաքային տրանսպորտ և այլն:
Գործարար համաժողովը կազմակերպել էր ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը` զարգացման հայկական գործակալության հետ համատեղ: