18 մայիսի 2010 - 16:39 AMT
Հայաստանը պետ ք է մեկուսացնի Թուրքիային ղարաբաղյան գործընթացից

Ղարաբաղյան կարգավորման շուրջ վերջին գործընթացները մտահոգություն են առաջացնում: Վաշինգտոնյան հանդիպումներից պարզ դարձավ, որ Թուրքիան ու Ադրբեջանը խնդիր են դրել փոխել տարածաշրջանում ձևավորված ստատուս-կվոն ղարաբաղյան կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ակունք» քաղաքական, վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, չի բացառվում, որ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների ջերմացման, ինչպես նաև ռուս-ադրբեջանական մերձեցման ֆոնի վրա Ռուսաստանը կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա Ղարաբաղի հարցում:

«Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը մնաց այդ գործընթացների շրջանակներից դուրս: Ելնելով դրանից, ես հավանական եմ համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Թուրքիայի և Ադրբեջանի հետ որոշակի համաձայնության կգան Ղարաբաղի հարցում, իսկ հետո կստիպեն Հայաստանին ընդունել այն»,-ասել է փորձագետը: Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի ղեկավարության համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի Թուրքիայի մեկուսացումը ղարաբաղյան գործընթացից:

Բացի այդ, «Ակունքի» ղեկավարն առաջարկում է, որ Հայաստանը պայմանավորվի գերտերությունների հետ ու գրանցի Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կոնկրետ ժամկետներ: «Եթե Թուրքիան խախտի այդ ժամկետները, Հայաստանը կհայտարարի Արձանագրության տակ դրած իր ստորագրությունը հետ կանչելու մասին»,-ասել է փորձագետը:

Անդրադառնալով Ղարաբաղի երկու շրջաններից հայկական ուժերը դուրս բերելու գաղափարին` փորձագետը նշել է, որ հավանաբար, նման խոսակցություններ են շրջանառվում ՄԽ համանախագահների ու Թուրքիայի միջև: Ռուբեն Հակոբյանը նշեց բանակցային գործընթացին ղարաբաղյան կողմի մասնակցության անհրաժեշտությունը` հավելելով, որ ԼՂՀ ժողովրդի կարծիքը պետք է որոշիչ լինի բանակցային գործընթացում: «Ակունքի» ղեկավարը հայտարարել է, որ այժմ ամենապատեհ պահն է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման համար: