18 մայիսի 2010 - 17:09 AMT
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը ԵԱ-ից առաջ վերջին հավաքը կանցկացնի Կիևում

Մայիսի 20-ին Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կիև կմեկնի (Ուկրաինա), որտեղ Կոնչա-Զասպա Օլիմպիական բազայում վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի նախքան հունիսի 4-13-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնության մեկնարկը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է, որ Հայաստանի հավաքականի հետ համատեղ հավաքներ կանցկացնեն նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Հունգարիայի հավաքականները: «Հնարավոր է, որ մեզ միանա նաև Թուրքիայի հավաքականը: Այնտեղ մենք կմնանք մինչև հունիսի 2-ը և ապա կմեկնենք Մոսկվա: Հավաքներին հայկական հավաքականի կազմում կմասնակցեն 11 բռնցքամարտիկներ, որոնք ելույթ կունենան Եվրոպայի առաջնությանը»,- ընդգծել է Մեհրաբյանը:

Մարզչի խոսքով, բոլոր բռնցքամարտիկները լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեն և չունեն վնասվածքներ:

Մինչ այդ հավաքականը մի քանի հավաք անցկացրեց Արարատում և Ծաղկաձորում: Հավաքականը մասնակցել է Բուլղարիայում, Չեխիայում ու Հայաստանում կայացած միջազգային մրցաշարերի: