17 հոկտեմբերի 2001 - 23:29 AMT
ԱՄՆ-Ի ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԿՈՆԳՐԵՍԻ ՎՐԱ` 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱՑՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՄՆ-ի Կոնգրեսի այսպես կոչված «Հայկական խմբի ակտիվ անդամ, Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալլոնեն հայտարարել է, որ Պետական դեպարտամենտը ճնշում է գործադրում Կոնգրեսի վրա` Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման վերացմանը հասնելու համար: «Արմինֆո» գործակալության տեղեկությունների համաձայն` Փալլոնեն «անհաջող» անվանեց Պետքարտուղար Քոլին Փաուելլի նամակը, որով այն դիմել է օրենսդիրներին: «Ուղղման վերացումը կօրինականացնի Հայաստանի բարոյազանց շրջափակումը Ադրբեջանի կողմից եւ կնպաստի Բաքվի էլ ավելի անհաշտելի դիրքորոշմանը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում»,- համարում է կոնգրեսականը: Ֆրենք Փալլոնեն նաեւ անհանգստացածություն արտահայտեց այն առիթով, որ Փաուելլը առաջարկել է ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որը «հայտնի է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վարած իր ագրեսիվ քաղաքականությամբ»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: