19 մայիսի 2010 - 16:10 AMT
Եվրահանձնաժողովը մտահոգված է հրադադարի խախտումներով ղարաբաղյան հակամարտության գոտում

2010թ. մայիսի 12-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի` ԵՀՔ շրջանակներում 2009թ. առաջընթացի մասին զեկույցները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող մասում նշվում է, որ 2009 թ. Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման բանակցությունները զգալիորեն աշխուժացել են և նպաստել են ավելի ընդգրկուն երկխոսությանը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 6 հանդիպումներ են տեղի ունեցել տարվա ընթացքում: Ի լրումն` երկու երկրների արտգործնախարարները մի շարք հանդիպումներ են ունեցել, այդ թվում` 2009 թ. դեկտեմբերին Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարական խորհրդի ժամանակ:

Զեկույցում հղում է կատարվում 2009 թ. հուլիսին Լ’Աքվիլայում կայացած Մեծ Ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով արված հայտարարությանը, որով կոչ է արվում ՙՀայաստանի և Ադրբեջանի նախագահներին` լուծել իրենց միջև դեռևս գոյություն ունեցող մի քանի տարաձայնությունները և վերջնականացնել իրենց համաձայնությունը այս Հիմնարար սկզբունքների շուրջ, ինչը համապարփակ կարգավորման ուղենիշ կհանդիսանա՚:

Այնուամենայնիվ, ընդհանուր լարվածությունը պահպանվում է, և իրավիճակը մնում է անկայուն: Շփման գծում կրակի փոխանակման միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրությունները շարունակվել են և մտահոգության տեղիք են տալիս: