19 մայիսի 2010 - 18:16 AMT
Բակո Սահակյան. Արտերկրից դիտորդների մասնակցությունն Արցախի ընտրություններին շատ կարևոր է

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է Կովկասում ԵԱՀԿ նախկին հատուկ ներկայացուցիչ, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Փարիզի գրասենյակի ներկայացուցիչ Մորիս Բոննոյին, ով Արցախ է ժամանել Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք նշվել է ընտրություններին արտերկրից դիտորդների մասնակցության կարևորությունը, ինչը լավ հնարավորություն է տարբեր երկրների հետ փորձի փոխանակման, հանրապետությունում ընտրական համակարգի շարունակական կատարելագործման համար, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: