17 հոկտեմբերի 2001 - 23:25 AMT
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է, ՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԴԺՎԱՐ Է ԱԿՆԿԱԼԵԼ ԱՄՆ-Ի ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Թուրքիան ձեռնամուխ եղավ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի ստեղծմանը` վախենալով միջազգային հանրության ճնշումից: Այս մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է ռուսաստանյան հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքերով` այն պնդումները, որ հանձնաժողովի գործունեությունը կխոչընդոտի ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, ոչ այլ ինչ են, քան «հիմարություն ու դիլետանտություն»: «Սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված միջազգային իրադրությունում ոչ մեկի մտքով էլ չի անցնի բարձրացնել այդ հարցը ամերիկյան Կոնգրեսում»,- համարում է Միհրանյանը: Նրա խոսքերով` «Թուրքիան կրկին վճռական երկիր դարձավ` Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմավարական շահերը իրագործելու համար»: Միհրանյանը նշեց, որ հանձնաժողովի նպատակն է պարզել փոխզիջումների հասնելու հնարավոր ուղղությունները ու յուրաքանչյուր կողմի պատրաստականությունը դրանց: Խոսելով Նյու Յորքում հանձնաժողովի առաջիկա նիստի մասին` քաղաքագետը նշեց, որ քննարկվելու են Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների իրավական խնդիրները: Հնարավոր է նաեւ հանձնաժողովում ենթակոմիտեների ստեղծումը, որոնցում կընդգրկվեն Հայոց ցեղասպանության մասին տարբեր տեսանկյուններ ունեցող փորձագետներ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: