20 մայիսի 2010 - 21:52 AMT
Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի Իրան

Մայիսի 21-26-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Իրանի Իսլամական Հանրապետությունում: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ Սփյուռքի նախարարությունների, ինչպես նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և բուհի ներկայացուցիչներ: Այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսված ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների և ԻԻՀ կրթության և դաստիարակչության նախարարների հետ:

Նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի Թեհրանի պետական, Թեհրանի «Ամիր Քյաբիբ» պոլիտեխնիկական, Թեհրանի «Ազադ» համալսարաններ, ինչպես նաև Թեհրանի հայկական դպրոցներից մեկը: Այցի շրջանակներում նախատեսվում է այցելություն Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան, Թեհրանի «Արարատ» մարզավան, Թեհրանի «Ալիք» հաստատություն, ինչպես նաև «Չհարմահալ» հայկական միություն և Թեհրանի «Հայոց ակումբ»: Նախարարը կհանդիպի նաև թեհրանահայ համայնքի և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: