22 մայիսի 2010 - 11:48 AMT
Թումանյանի և Սպենդիարյանի արձանները զբաղեցրեցին իրենց տեղերը

Մայիսի 22-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում` Օպերային թատրոնի շենքի առաջ, կրկին տեղադրվել են Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանները, որոնք անցյալ տարի ժամանակավորապես հեռացվել էին հրապարակի տակ ստորգետնյա ավտոկայանատեղիի շինարարության ժամանակ: Այսօր հուշարձանները վերադարձել են իրենց տեղերը` ներկված նախկին գույնով, որը տարիների ընթացքում խամրել էր:

Շինարարության նախագիծը մշակվել է «ՀայՆախագիծ» ԲԲԸ-ի կողմից, իսկ անցյալ տարի սկսված շինարարությունն իրականացնում է «Renco» ընկերությունը: Վերականգնված հուշարձանների պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 24-ին:

Հայ մշակույթի մեծանուն գործիչների հուշարձանները տեղադրվել էին 1957-ին: Թումանյանի պոեմի մոտիվներով Սպենդիարյանը գրել է «Ալմաստ» օպերան, որը դարձել է առաջին հայկական օպերաներից մեկը: Հովհաննես Թումանյանի հուշարձանի հեղինակը քանդակագործ Ա. Սարգսյանն է, Ալ. Սպենդիարյանինը` քանդակագործներ Գ. Չուբարյանը և Ա. Սարգսյանը: