22 մայիսի 2010 - 14:01 AMT
Ֆրանսիայում գտնվել է Մուսա լեռան պաշտպաններին փրկած ծովակալի շիրիմը

Մայիսի 5-ին Սեն Շամոյում տեղի է ունեցել ծովակալ Լուի Ֆուրնյեի հիշատակի արարողությունը, որը 1915-ին փրկել է Մուսա լեռան 4080 պաշտպաններին` չսպասելով Ֆրանսիայի ռազմական նախարարի թույլտվությանը և տեղափոխելով նրանց Պորտ-Սաիդ (Եգիպտոս):

Ադմիրալի գերեզմանը գտել են նրա փրկած հայերի հետնորդները: Միջոցառմանը ներկա էր նաև Սեն Շամոյի քաղաքապետ Կլոդ Ֆորեն: Ծովակալի շիրիմին հուշարձան է տեղադրվել, այնուհետև քաղաքի եկեղեցում կայացել է «Նարեկացի» համույթի համերգը: Մուսա լեռան ստորոտին գտնվող հայկական գյուղերի բնակիչները 1915թ. Ցեղասպանության ժամանակ պաշտպանություն են կազմակերպել: Լեռան հարակից տարածքում ընկած էին 6 հայկական գյուղեր. Կապիսույուն, Վակիֆլին, Հիդիրբեյը, Յողունօլուկը, Խաջիխաբիբլին, Բիտիասը: Գյուղերի բնակիչները սկզբից արտաքսվել են Անթաքա քաղաք: Այնուհետև օսմանյան զորքերի մոտենալուց հետո Մովսես Տեր-Գալստյանի գլխավորությամբ բարձրացել են Մուսա լեռ, որտեղ և պաշտպանվել են:

Պաշտպանվողներն, ի տարբերություն իրենց թվով մի քանի անգամ գերազանցող թուրքական բանակի, ունեցել են ընդամենը մի քանի հարյուր հրացան: Լեռան պաշտպանները դիմացել են 53 օր և փրկվել են ֆրանսիացի նավաստիների կողմից: Մուսա լեռան պաշտպանությունը նկարագրված է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպում, որը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով: