22 մայիսի 2010 - 15:22 AMT
Բրայզան կմեկնի Բաքու դեսպանի կարգավիճակո՞ւմ

ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով օգնականի տեղակալ, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մայիսի 21-ին ներկայացվել է որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հայտնել դիվանագիտական աղբյուրը Վաշինգտոնում, Բրայզաի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը:

ԱՄՆ դեսպանի պաշտոնը Բաքվում արդեն տևական ժամանակ է, ինչ թափուր է: Ինչպես գտնում է աղբյուրը, դա կապված է որոշ լարվածության հետ ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում: Միևնույն ժամանակ նշվում է, որ լուրերը Բրայզայի նշանակման մասին շրջանառվում են 2009թ. ամառվանից:

Ըստ ԱՄՆ Սահմանադրության, երկրի նախագահն իրավունք ունի նշանակման հրամանագիրը ստորագրել միայն Սենատի կողմից թեկնածության հաստատումից հետո: Փորձագետները գտնում են, որ, հնարավոր է, որ լսումները Բրայզայի թեկնածության վերաբերյալ այնքան հարթ չանցնեն, ինչպես ակնկալվում էր: «Սակայն, միևնույն է նրան կհաստատեն»,-նշել է, աղբյուրը: