23 մայիսի 2010 - 13:31 AMT
Աշոտ Ղուլյան. Հուսով եմ` Բաքվում, վերջիվերջո, կհասկանան, որ ԼՂՀ-ն 1991-ից ի վեր ինքնուրույն է լուծում բոլոր հարցերը

«Ես քվեարկեցի ավելի պրոֆեսիոնալ խորհրդարանի օգտին, որն իր որակներով պետք է տարբերվի նախորդ գումարումներից: Դրա հետ մեկտեղ Արցախի խորհրդարանական ժողովները բավական բարձր մակարդակի են եղել»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ԼՂՀ խորհրդարանի խոսնակ, Արցախի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը: Ինչպես նա նկատել է, միջազգային դիտորդների ներկայությունը դրական գործոն է, որն ապահովում է ընթացող ընտրությունների թափանցիկությունը և ապացուցում ԼՂՀ բաց լինելը: «Ես հուսով եմ, որ դիտորդների գնահատականները կհաստատեն մեր ձգտումները և կհանգեցնեն Արցախի միջազգային ճանաչմանը»,- ասել է արցախյան խորհրդարանի խոսնակը:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն մասին, թե ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկի խորհրդարանը ԼՂՀ միջազգային ճանաչման համար, Ղուլյանը նշել է, որ Արցախի օրենսդրական մարմինը լավ հարթակ է քննարկումների համար և գործող խորհրդարանում առաջին անգամ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ լսումներ էին կազմակերպվել: «Ես վստահ եմ, որ նման պրակտիկան կշարունակվի նաև հետագայում»,- հայտնել է Ղուլյանը: Նա ավելացրել է նաև, որ Արցախի խորհրդարանը լավ կապեր է հաստատել Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ խորհրդարանների հետ: «Նման կապերը մեզ տարբեր քննարկումներ անցկացնելու հնարավորություն են ընձեռում, և ես վստահ եմ, որ ապագայում նման կապերն ընդլայնվելու են»,- հայտնել է Աշոտ Ղուլյանը:

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարությունները Արցախում խորհրդարանական ընտրությունների առիթով` Ղուլյանը հայտնել է, որ ժամանակն է, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ 20-ամյա պետականության պատմություն ունեցող ԼՂՀ-ում բոլոր նման հարցերը լուծվում են անկախ հարևան երկրների կարծիքից: «Ես հույս ունեմ, որ Ադրբեջանը, վերջիվերջո, կհասկանա, որ ԼՂՀ-ն 1991-ից ի վեր ինքնուրույն է լուծում բոլոր հարցերը»,- հայտնել է արցախյան խորհրդարանի խոսնակը: