23 մայիսի 2010 - 13:43 AMT
Բակո Սահակյան. ԼՂՀ խորհրդարանը պրոֆեսիոնալ աշխատանքով կարող է աջակցել Արցախի միջազգային ճանաչմանը

«Ես հպարտությամբ եմ քվեարկել, քանի որ շատ հաճելի է ապրել մի երկրում, որտեղ գերակայում են ժողովրդավարական արժեքները»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նա շնորհակալություն է հայտնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրությունների անցկացման համար պատասխանատու մարմիններին և Արցախի ժողովրդին: Անդրադառնալով ընտրություններում ընդդիմության բացակայության փաստին` Բակո Սահակյանը նկատել է, որ Արցախում գոյություն ունեն ընդդիմական տրամադրություններ, և դա բնական է: «Բայց մենք արհեստականորեն ընդդիմական դաշտ չենք ստեղծելու, քանի որ եթե մենք նման քայլի դիմենք, դա ժողովրդավարության սկզբունքների կոպիտ խախտում կլինի»,- հայտնել է Սահակյանը: Նա ավելացրել է նաև, որ նոր խորհրդարանից ավելի պրոֆեսիոնալ գործունեություն է ակնկալում, քանի որ դրա համար ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները: Ինչպես նկատել է Սահակյանը, ԼՂՀ խորհրդարանը պետք է համապատասխան աշխատանք անցկացնի, որպեսզի Արցախի միջազգային ճանաչման գործում դրական արդյունքներ արձանագրվեն: «Դրա համար կան բոլոր նախադրյալները, քանի որ ԼՂՀ կյանքում արդեն ամրապնդվել է քաղաքական մշակույթը, և օրենսդրական մարմինը պետք է հետագայում էլ շարունակի խորացնել այն, ինչը կարող է աջակցել պետության միջազգային ճանաչմանը»,- հայտնել է Սահակյանը: