23 մայիսի 2010 - 15:53 AMT
ԼՂՀ ԿԸՀ փոխնախագահ. Խորհրդարանական ընտրությունները կարելի է կայացած համարել

«Ես շնորհավորում եմ ԼՂՀ ժողովրդին կայացած ընտրությունների առթիվ, քանի որ 15:00 դրությամբ 95 303 ընտրողներից արդեն քվեարկել են 44 357-ը, այն է 46%: Իսկ Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ընտրությունները կայացած են համարվում ընտրողների 25%-ի մասնակցության դեպքում»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Եղիշե Արզումանյանը:

Արզումանյանի խոսքով, 16 ընտրատարածքներից քվեարկության ակտիվությամբ ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Հադրութում` 60.87%, Ասկերանում` 57.57% և Մարտունիում` 66.72%:

Արզումանյանը հաղորդել է նաև, որ մինչև ներկա պահը խախտումների երկու դեպքեր են արձանագրվել, երբ անհայտ անձինք փորձել են ընտրատարածքներում քարոզչական թերթիկներ տարածել: «Բայց դա, բնականաբար, չի կարող ազդել այդ ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների վրա»,- հայտնել է Եղիշե Արզումանյանը: Նա նկատել է նաև, որ քվեարկության մասնակիցների թիվը կարող է հասնել 70%-ի: