24 մայիսի 2010 - 15:14 AMT
Խորհրդարանական ընտրությունները կարող են լուրջ ռեսուրս դառնալ Ղարաբաղի ժողովրդի համար

Խորհրդարանական ընտրությունները շատ մեծ նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի համար, և այն, որ դրանք տեղի են ունենում արդեն հինգերորդ անգամ ու բավական բարձր մակարդակով, կարող է լուրջ ռեսուրս դառնալ ԼՂՀ ժողովրդի համար թե’ պետականության հաստատման, թե’ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին այսօր Երևանում քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց հայ փորձագետ Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների վերջին հայտարարություններին Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների առիթով` Մինասյանն ասաց, որ նման հայտարարություններին հարկավոր է հանգիստ վերաբերվել, նշելով, որ անցյալ տարիների համեմատ դրանք այլևս այդքան կոշտ չեն: Երվանդ Բոզոյանն իր հերթին նշեց, որ վերջին 20 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղն ապացուցել է, որ որոշ երկրների համեմատ այն ավելի կայացած է: Ընդ որում, նա Ղարաբաղի հիմնահարցը համեմատեց Կոսովոյի խնդրի հետ` նկատելով, որ առանձնակի տարբերություն չի տեսնում: Նա նաև հույս հայտնեց, որ մոտ ապագայում ԱՄՆ-ն ու ԵՄ-ն կփոխեն իրենց դիրքորոշումը ԼՂՀ առնչությամբ և իրենց դիտորդներին կուղարկեն Լեռնային Ղարաբաղում կայանալիք հաջորդ ընտրություններին: