25 մայիսի 2010 - 17:24 AMT
Արմեն Հարությունյան. Հայաստանում խախտվում է առողջ բնապահպանական միջավայրի իրավունքը

«Շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունքն արտացոլում է քաղաքակրթության ներքին էությունը, եթե մենք մեր մասին կարծիք կազմենք, դատելով Հայաստանի բնությունից, ապա այդ գնահատականը բավարարից էլ ցածր է»,- մայիսի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտնել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք ինքը որևէ փոփոխություններ է նկատում բնապահպանական խնդիրների լուծման հարցում իր զեկույցների հրապարակումից հետո:

Օմբուդսմենի խոսքով, այդ զեկույցների հիման վրա լուրջ առաջընթաց չի նկատվում: «Ինչ-որ բան կարդում են, հաշվի են առնում, բայց ես որևէ լուրջ մոտեցում չեմ տեսել բնապահպանության ոլորտում իմ կողմից բարձրացված հարցերի հանդեպ»,- ասել է նա: Այդ կապակցությամբ Արմեն Հարությունյանն ավելացրել է, որ առողջ բնապահպանական միջավայրի իրավունքը, միանշանակ, սպառնալիքի տակ է: «Մեզ պետք չէ պաշտոնական պատասխան, որպեսզի տեսնենք դա: Մենք կարող ենք քայլել քաղաքով և տեսնել այդ ամենը: Այս խնդիրները կան ինչպես Երևանում, այնպես էլ Երևանի սահմաններից դուրս, օրինակ` Սևանա լճի շրջակայքում»,- ասել է օմբուդսմենը: