Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ դե Դեկերի հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է հայ-բելգիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
ՀՀ նախագահը գոհունակությամբ է խոսել բարեկամության եւ փոխըմբռնման ոգով զարգացող երկկողմ հարաբերությունների մասին` նշելով, որ բարձր մակարդակի վրա են քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական,առեւտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերը:
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ այս տարվա հունիսին Բելգիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական համագործակցությանն ինչպես Եվրամիության, այնպես էլ երկկողմ շրջանակում:
Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարեւորությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխայցելությունների ակտիվացման ուղղությամբ:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացներին, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: