Մայիսի 26-ին Իջևանում կայացավ ՄԱԿ Մոդել առաջին խորհրդաժողովը, որի ժամանակ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ուսանողներն ու ակտիվիստները բաժանվեցին փոքր խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց մեկ երկիր և բացահայտեց թրաֆիքինգի կանխման, զոհերին աջակցման ու վերականգնման առկա խնդիրները և ՄԱԿ միջոցները, որոնք գործում են այդ երկրներում: Խորհրդաժողովի ավարտին «մասնակից երկրները» համագործակցության մասին համապատասխան հռչակագրեր ընդունեցին: Այդ սխեմայով Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենան ևս 4 խորհրդաժողովներ: Տարվա վերջին Երևանում կկայանա ՄԱԿ Մոդել հանրապետական խորհրդաժողովը, որին կմասնակցեն մարզային խորհրդաժողովների լավագույն մասնակիցները: Հաջորդ խորհրդաժողովները տեղի կունենան հունիսի 3-ին և 4-ին համապատասխանաբար Արտաշատում և Հրազդանում:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց ՄԱԿ Հանրային տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն, այդ խորհրդաժողովները զանազան խնդիրների լուծմամբ զբաղվող ՄԱԿ այս կամ այն մարմինների աշխատանքի իմիտացիան են: Հայկական խորհրդաժողովներն իմիտացնելու են Ասիայում ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՄԱԿ Տնտեսական և սոցիալական կոմիտեի աշխատանքը: