26 մայիսի 2010 - 20:11 AMT
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանին

Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Այիմդոս Բոզժիգիտովին:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է , որ անցյալ տարվա համեմատ, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 3,6 անգամ: Այդ ծավալը կարող էր ավելի մեծ լինել, եթե ապրանքաշրջանառությունը կատարվեր ուղղակի, այլ ոչ թե միջնորդավորված:

Կողմերը կարևորել են խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, համագործակցությունը միջազգային կառույցներում: Անդրադարձել են նաև առաջիկայում Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԺ հասարակայնության տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: