Տարօրինակ է, որ 2009 թ. Հայաստանի բյուջեից ՀՀ ԱԳՆ-ի համար քարոզչության նպատակով նախատեսված 25 մլն դրամը զրոյացվել է, այն էլ այն դեպքում, երբ միջազգային կառույցներում հայկական կողմի պասսիվ քարոզչության արդյունքում ԵԽ-ում ընդունվել է Ղարաբաղի մասին 2216 բանաձևը: Այս մասին ՀՀ ԱԺ եվրաինտեգրացման հանձնաժողովի նիստի ժամանակ Հայաստանի 2009 թ. պետբյուջեի ծախսերի վերաբերյալ քննարկման ընթացքում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրի Զոհրաբյանը:
Զոհրաբյանի խոսքերի համաձայն, Հայաստանի քարոզչությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, և սխալ է այդ նպատակի համար նախատեսված միջոցները կրճատել:
Նիստին մասնակցում էին նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, ըստ որի, թեև ԵԽ բանաձևը պարտադիր կիրառում չի պահանջում, սակայն վտանգ է ներկայացնում: Ղազինյանի խոսքերի համաձայն, ԵԽ-ում 2216 բանաձևի ընդունումից հետո ՀՀ ԱԳՆ-ն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, մասնավորապես ՀՀ ԱԳ նախարարն արդեն իր գնահատականը տվել է այդ բանաձևին: