27 մայիսի 2010 - 19:18 AMT
Ամերիաբանկը ՎԶԵԲ-ի կողմից թողարկող բանկ է ճանաչվել

Մայիսի 15-ին Զագրեբում կայացած ՎԶԵԲ-ի 2010թ. տարեկան ընդհանուր համաժողովի ընթացքում Ամերիաբանկ ՓԲԸ-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կնքեցին պայմանագիր, համաձայն որի Ամերիաբանկը նույնպես ճանաչվեց թողարկող բանկ` այսպիսով միանալով Առևտրի աջակցության ծրագրի ցանցին: Ինչպես հաղորդում է հայկական բանկի մամլո ծառայությունը, պայմանագիրը թույլ կտա Ամերիաբանկին ընդլայնել և զարգացնել իր հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորումը:

Հաղորդագրության մեջ նշվում է, ծրագրի միջոցով ՎԶԵԲ-ը երաշխավորում է Ամերիաբանկի կողմից իր հաճախորդների պատվերով թողարկված առևտրային ֆինանսական գործիքները միջազգային առևտրային բանկերի օգտին, ինչը զգալիորեն նվազեցնում է հաստատող բանկերի ռիսկերը:

Այսպիսով, Ամերիաբանկը եզրափակեց TFP ծրագրի հայաստանյան մասնակիցների տասնյակը: Ներկայումս Առևտրի աջակցության ծրագիրը ներկայացնում է 121 թողարկող բանկ ՎԶԵԲ-ի գործառնություններում ընդգրկված 20 երկրում և ավելի քան 750 հաստատող բանկ ամբողջ աշխարհով մեկ, թե́ միջտարածաշրջանային և թե́ միջազգային մակարդակներով: