28 մայիսի 2010 - 15:47 AMT
Վանը պատրաստվում է Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում պատարագի արարողությանը

Վանի բնակիչները պատրաստվում են ընդունել հայերին, ովքեր սեպտեմբերի 19-ին աշխարհի բոլոր ծայրերից ժամանելու են, որպեսզի մասնակցեն Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո մատուցվող պատարագին: Տեղի թերթերից մեկը` Վանի քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, ակցիա է սկսել «Մեր տան դռները բացում ենք հայերի առջև» խորագրով:

Թերթերից մեկը, որը լույս է տեսնում թուրքերեն, քրդերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, սեպտեմբերի 19-ին թողարկելու է հայերենով մեկ համար: Այս իրադարձությունը լուսաբանելու են 300 ԶԼՄ: Մինչև սեպտեմբերի 19-ը դեռևս 4 ամիս կա, սակայն Վանի հյուրանոցներում բոլոր համարներն արդեն ամրագրված են: CNN-Turk-ի տվյալների համաձայն, ավելի քան 5000 հայ է ժամանելու: Հյուրերին ընդունելու ցանկություն է հայտնել 300 ընտանիք: