29 մայիսի 2010 - 14:38 AMT
Յուրի Խաչատուրով. Թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել

«Ես շնորհավորում եմ ձեզ և ձեր մարտական ընկերներին, որոնք այժմ մարտական առաջադրանք են կատարում Աֆղանստանում ու Կոսովոյում, մարտական դրոշի հանձնման կապակցությամբ»,-հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը` ՀՀ նախագահի հրմանագրով ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադին դրոշի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Յուրի Խաչատուրովը հայտարարել է, որ դրոշի հանձնումից հետո խաղաղապահ բրիգադը կդառնա լիարժեք զորամաս: «Լավ կատարեք տարբեր երկրներում ձեր առջև դրվող խնդիրները: Դուք պետք է միշտ հիշեք, որ ձեր գլխավոր նպատակն է պաշտպանել հայրենիքը և միշտ պատրաստ լինել դրան»,-ասել է Խաչատուրովը:

Ինչպես նշել է գլխավոր շտաբի պետը, ղարաբաղյան պատերազմի տարիներին երևանյան գնդում կազմավորվեցին առաջին մարտական ջոկատները, որոնք գնացին կռվելու: «Մարտիկներից շատերը մնացին մարտի դաշտում: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, իսկ այդ պատերազմը պարտադրվեց մեզ թշնամու կողմից: Մեզ օտար հող պետք չէ, մենք պաշտպանում ենք մեր տարածքները»,-ասել է Խաչատուրովը` հավելելով, որ հայկական կողմն այնքան հող չունի, որ ուրիշներին տա: «Դուք պետք է հասկանաք`այն ամենն, ինչ մենք ունենք Ղարաբաղի հետ միասին, մեզ է պատկանում և թող ոչ ոքի մտքով չանցնի, որ մենք կարող ենք գեթ մի թիզ հող զիջել»,-հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը:

Իր հերթին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ խաղաղապահ բրիգադն արդեն իսկ կայացած զորամաս է, այդ պատճառով էլ արժանացել է մարտական դրոշի: «Այսօր Խաղաղապահի միջազգային օրն է, սակայն այսուհետ մայիսի 29-ը կնշվի նաև որպես մեր զորամասի օր»,-ասել է նա:

Հանդիսավոր արարողության ավարտին Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով անբասիր ծառայության համար գերատեսչական մեդալներով պարգևատրվեցին խաղաղապահ բրիգադի սպայակազմի մի շարք ներկայացուցիչներ: