29 մայիսի 2010 - 18:30 AMT
Եվրահանձնաժողովում պայմաններ են մշակում «Արևելյան գործընկերության» երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցման համար

Եվրամիությունում ցանկանում են «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների հետ անցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի ստորագրմանը հասնել մինչև Իսպանիայի նախագահության ժամկետի ավարտը: Այդ մասին Վարշավայում լրագրողներին հայտնել է Լեհաստանի ԱԳ նախարարի լիազորված անձ Անջեյ Չեշկովսկին: «Եվրոպական հանձնաժողովում սկսվել է պայմանների մշակումը, որոնց կատարումը նախաձեռնության մասնակից երկրների կողմից անհրաժեշտ է անցագրային ռեժմի պարզեցման համար»,- ասել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Անջեյ Չեշկովսկին հաղորդել է, որ 2011 թվականի մայիսի 19-ին Բուդապեշտում կկայանա «Արևելյան գործընկերության» ու ԵՄ երկրների ղեկավարների գագաթաժողովը: «Այդ գագաթաժողովին մենք պետք է արդեն որոշակի արդյունքներով ներկայանանք: Լեհաստանը գոհ է «Արևելյան գործընկերության» գործընթացների իրականացման ընթացքից, բայց հարկավոր է արագացնել դրանք»,- հայտնել է լեհ դիվանագետը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի խնդրանքով, գնահատելով Հայաստանի ակտիվությունն «Արևելյան գործընկերության» շրջանակներում, Անջեյ Չեշկովսկին հայտնել է, որ Հայաստանն ակտիվ է ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցում:

Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, ապա Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ավելացրել է, որ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսիայում, Մոլդովայում և Ուկրաինայում միայն փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով Եվրահանձնաժողովը 30 միլիոն եվրո կհատկացնի: