31 մայիսի 2010 - 17:45 AMT
Զդիսլավ Ռաչինսկի. Լեհաստանը չեզոք դիրք է գրավում ղարաբաղյան հարցում

Լեհաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չեզոք է: Պաշտոնական Վարշավան գտնում է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Այդ մասին Երևանում հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Ըստ լեհ դիվանագետի, այդ երեք սկզբունքները պետք է միասին դիտարկվեն, իսկ մնացած բոլոր հարցերը, որոնք վերաբերում են խնդրին, պետք է քննարկեն 3 կողմերը` Հայաստանը, Ադրբեջանն ու Ղարաբաղի բնակչությունը:

«ԵՄ-ն ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ: Ինձ թվում է, որ այժմ ամենահարմար պահն է, որ հակամարտության լուծմանը միանան այլ ուժեր և կազմակերպություններ, սակայն միևնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ ԵՄ-ն կարևոր դեր կկատարի այս հարցում ֆինանսական աջակցության և խաղաղապահ ուժերի տրամադրման հարցում»,-ասել է Զդիսլավ Ռաչինսկին: Նա հավելել է, որ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար Հարավային Կովկասի երկրները պետք է աշխատեն կայունացնել տարածաշրջանը` հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման համար:

«Անհնար է հասնել հակամարտության երկարաժամկետ լուծման առանց այն մարդկանց մասնակցության, որոնց վերաբերում է այդ խնդիրը»,-ասել է լեհ դիվանագետը:

Անդրադառնալով ընտրություններին ԼՂՀ-ում` Զդիսլավ Ռաչինսկին հայտարարել է, որ այդ ընտրությունների ճանաչումն ԵՄ-ի կողմից կնշանակեր, որ ԵՄ-ն դե-յուրե ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես պետություն: «Միջազգային հանրությունը չի կարող իր որոշմամբ օրինականացնել այն, ինչի հետ համաձայն չեն մյուս պետությունները»,-ասել է նա: Գնահատելով հայ-լեհական հարաբերությունների մակարդակը` դեսպանը նշել է, որ այդ հարաբերությունները բարեկամական են և Լեհաստանը համակրանքով է վերաբերվում հայ ժողովրդին: Ըստ նրա, հայ-լեհական համագործակցության ակտիվացմանը կնպաստի Երևան-Վարշավա ուղիղ չվերթի բացումը, ինչը սպասվում է արդեն ընթացիկ տարվա հուլիսին:

Ինչ վերաբերում է ամերիկյան ՀՀՊ համակարգերի տեղակայմանը, Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ լեհական կողմը գտնում է, որ արդյունավետ հակահրթիռային միջոցների առկայությունը կնպաստի նրա անվտանգությանը:

Գնահատելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը` դեսպանը հայտարարել է, որ Լեհաստանը դրական է վերաբերվում Անկարայի եվրոպական ընտանիքի անդամ դառնալու ձգտմանը, սակայն դրա համար Թուրքիան պետք է կատարի որոշակի պայմաններ և բարեփոխումներ իրականացնի եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար: «Ներկայումս Թուրքիան պատրաստ չէ անդամակցել ԵՄ-ին»,-ասել է դիվանագետը: