Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին կառավարության մամլո ծառայությունից, նիստի սկզբում ՏՏԶԱԽ անդամներին ներկայացվել է խորհրդի նախորդ նիստերի հանձնարարականների կատարման ընթացքը, որից հետո խորհուրդն անցել է օրակարգային մյուս հարցերի քննարկմանը:
Խորհրդի անդամներին զեկուցվել է «Արմթեք-2010» համաժողովի կազմակերպման խնդիրների մասին: Ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի էությունը:
Վարչապետը կարևորել է էլեկտրոնային կառավարման խորհրդի ստեղծումը, որը կզբաղվի հայեցակարգի իրականացման մեխանիզմների հստակեցման խնդիրներով:
Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու նպատակով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի միջև տրաֆիկի փոխանակումը կանոնակարգելու, մասնավորապես, ինտերնետ տրաֆիկի փոխանակման կենտրոնի հիմնադրամի ստեղծման խնդիրներին: