2 հունիսի 2010 - 17:24 AMT
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Չինաստանի կառավարության պատվիրակությանը

Հունիսի 2-ին արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Չինաստանի կառավարության պատվիրակությանը` առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուի գլխավորությամբ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Կարինե Ղազինյանը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան` դրական գնահատելով հայ-չինական երկկողմ հարաբերությունների ընդլայնման դինամիկան: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանի եւ Չինաստանի համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք է որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Չինաստանի առեւտրի փոխնախարար Ձըին Ֆուն ընդգծեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադարձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման եւ վստահության մեծացմանը:

Կողմերը քննարկեցին համագործակցության ոլորտների ընդարձակմանը, այդ թվում` առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարին վերաբերող հարցեր , գոհունակությամբ արձանագրեցին, որ համատեղ նախագծերը մինչ այժմ իրականացվել են մեծ հաջողությամբ:

Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին հետամուտ լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը եւ շարունակել ջանքերը հայ-չինական բարեկամական հարաբերությունների խորացման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: