3 հունիսի 2010 - 16:29 AMT
Կուր-Արաքս գետի անդրսահմանային ավազանի համալիր կառավարման կառույցի ստեղծումը կարճ ժամանակում իրական չէ

Կովկաս տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (ՏԲԿ) «Կուր-Արաքս գետի անդրսահմանային ավազանի համալիր կառավարման կառույցի ստեղծումը» նախագծի շահագրգիռ կողմերի տարածաշրջանային խորհրդակցություն է կազմակերպել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Կովկաս ՏԲԿ մամլո ծառայությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են Հարավային Կովկասի երկրների կառավարությունների, Եվրամիության պատվիրակության, USAID-ի. ՀԲ-ի, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ:

Կովկասի ՏԲԿ գործադիր տնօրեն Գեորգի Արզումանյանը շնորհանդես է ներկայացրել նախագծի պատմության, նպատակների, խնդիրների և հեռանկարների մասին:

Կուր-Արաքս անդրսահմանային ավազանի կառավարման շուրջ բանավեճերի արդյունքում, հաշվի առնելով տարածաշրջանի քաղաքական իրողությունները, մասնակիցները հանգել են այն եզրակացությանը, որ կարճաժամկետ պայմաններում նոր կառույցի ստեղծումն իրական չէ:

Ազգային և տարածաշրջանային ճանապարհային քարտեզների հետագա մշակումն իրագործվելու է նախագծի հաջորդ փուլերում: