3 հունիսի 2010 - 19:38 AMT
Հայ երեխաները կմասնակցեն «Հաղթողների խաղեր» մրցաշարին

Մոսկվայում առաջին անգամ տեղի կունենա միջազգային «Հաղթողների խաղեր» մրցաշարը այն երեխաների մասնակցությամբ, որոնք քաղցկեղային հիվանդություններ են տարել: Խաղերը կայանալու են հունիսի 14-16-ը Մոսկվայի «Լոկոմոտիվ» մարզադաշտում:

Մրցաշարի նպատակն է աջակցել հիվանդ և հիվանդությունից հետո ապաքինվող երեխաներին և նրանց վրա սևեռել հասարակության ուշադրությունը:

Խաղերին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լեհաստանի, Հունգարիայի և Լատվիայի հավաքականները: Ծրագիրը նախատեսված է նաև սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող երեխաների համար:

Երեխաները բաժանվելու են երեք տարիքային խմբերի` 7-9 տ, 10-13տ, 14-16տ և մրցելու են հետևյալ մարզաձևերում. ֆուտբոլ, շախմատ, ատլետիկա, լող, հրաձգություն և սեղանի թենիս:

Մասնակիցներին դատելու են անվանի ֆուտբոլիստներ Դմիտրի Սիչևը և Դմիտրի Տարասովը, գեղասահորդ Անտոն Սիխարուլիձեն, շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկը, Պարալիմպիկ կոմիտեի մարզիկներ և ուրիշներ, հաղորդւոմ է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: