4 հունիսի 2010 - 13:54 AMT
Հայաստանի ՓՄՁ-ները միանում են բիզնեսի վարման տրանսպարենտության սկզբունքին

Անցումը հաշվետվության ազգային համակարգից միջազգային չափանիշների, այդ թվում նաև Հայաստանի փոքր ու միջին բիզնեսի համար, թույլ կտա թափանցիկության հիմքի վրա տեղեկատվություն փոխանակել միջազգային ֆինանսական շուկաներում: PanARMENIAN.Net-ի թղթակցին նման կարծիք է հայտնել հայկական աուդիտորական խորհրդատվական Grant Thornton Amiot ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը: Բացի այդ, նա նշել է, որ այդ անցումը թույլ կտա նաև նույնացնել հասկացություններն ու հաշվապահական հաշվառման վարումը:

Այս առնչությամբ Գուրգեն Հակոբյանը պարզաբանեց, որ, քանի որ ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը միջազգային չափանիշների հիման վրա շատ բարդ գործընթաց է տեխնիկական տեսակետից, ապա միջազգային մակարդակով որոշվեց պարզեցնել այդ գործընթացը: Այսօրվա դրությամբ գործում է ֆինանսական հաշվետվության երկու տարբերակ` մեկը խոշոր կորպորացիաների և մյուսը, ավելի պարզեցվածը` ՓՄՁ-ների համար: «Դա այն դրդապատճառը հանդիսացավ, որը թույլ տվեց արագացնել ազգային չափանիշների ներդաշնակեցումը միջազգային չափանիշների հետ»,-ասել է նա:

Հայաստանի ֆինանսների նախարարությունում հունիսի 2-ին տեղի ունեցավ միջազգային չափանիշներով կազմված ՓՄՁ-ների ֆինանսական հաշվետվության հանձնման պաշտոնական արարողությունը: ՓՄՁ-ների հաշվետվութանների միջազգային չափանիշը թարգմանվել և խմբագրվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, Հայաստանի ֆինանսական համակարգի կայունացման փորձնական ծրագրի շրջանակներում: