4 հունիսի 2010 - 19:59 AMT
Տեղեկատվական վահանակներ են տեղադրվել «Հայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ» ճանաչողական երթուղու երկայնքով

Հունիսի 4-ին Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի հերթական նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց թագավորներ, թագուհիներ և իշխաններ» ճանաչողական երթուղու շնորհանդեսը:

Բացահայտման երթուղիների գաղափարը նորույթ է Հայաստանի զբոսաշրջության ոլորտում: Մեկօրյա ճամփորդությամբ անդրադարձ է կատարվում այն հուշարձաններին, որոնք թեմատիկ ընդհանրություններ ունեն:

«Թագավորներ, թագուհիներ և իշխաններ» ճանաչողական երթուղին նվիրված է հայոց արքայատոհմերի պատմությանը, որոնք ձևավորեցին մեր ազգային ինքնությունն ու հարթեցին մեր ազգի հարատևության ուղին:

Երթուղին ընդգրկելու է ողջ Արարատյան դաշտավայրը` մեկնարկելով Ագարակի հնավայրից (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) և Արշակունիների` 4-րդ դ. կառուցված դամբարանից: Ագարակում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել, որոնք վկայում են, որ հնում այն եղել է ամենախոշոր պաշտամունքային վայրերից մեկը:

Ագարակը նշանավորվում է նաև նրանով, որ այնտեղ 1-ին դ. քրիստոնեական գերեզմաններ կան, և համարվում է, որ այստեղ է գտնվում տարածաշրջանում քրիստոնեական ամենահին գերեզմանատունը:

Սա «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» 2010թ. երրորդ շնորհանդեսն է, որով կմեկնարկի Հայաստանում «Բացահայտման երթուղի»` ճանաչողական տուրերի ծրագիրը:

ԱՄԱՓ-ի ծրագրերն իրականացվում են հովանավորների` ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մշակութային հիմնադրամի, USAID/CAPS-ի, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցության շնորհիվ:

ԱՄԱՊ-ի ստեղծած ճանաչողական առաջին երթուղին Մետաքսի ճանապարհն էր: Հայաստանի Մետաքսի ճանապարհն իրենից ներկայացնում էր ամբողջ երկրով անցնող բազմաթիվ ուղիների ցանց: ԱՄԱՓ-ի կողմից նշված ուղին Իրանը կապում է Վրաստանի հետ: Այս մասին հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը: