7 հունիսի 2010 - 11:38 AMT
Եվրասիական զարգացման բանկի մաքուր շահույթը 2009 թվականին կազմել է 39,8 մլն դոլար

Ղազախստանի Ալմաթի քաղաքում Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Խորհրդի հերթական նիստում լսվեց և հաստատվեց Բանկի կառավարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև 2009թ. տարեկան բալանսն ու հաշվետվությունը ԵԱԶԲ-ի շահույթի ու վնասների մասին: Ինչպես ասվում է բանկի կողմից PanARMENIAN.Net-ի ստացած հաղորդագրության մեջ, ԵԱԶԲ Խորհրդի նիստում հաստատվել է բանկի 2009 թվականի շահույթի բաշխման կառավարման և պահուստային ֆոնդի ձևավորման մասին առաջարկները:

«Բանկի ակտիվները հաշվետու տարում ավելացել են գրեթե քառորդով, հասնելով 2, 495 մլրդ դոլարի: 2009թ. բանկի կապիտալը 1,531 մլրդ դոլարից հասավ 1,634 մլրդ դոլարի: Ինչպես նախորդ տարիներին, ԵԱԶԲ-ն 2009թ. ավարտեց դրական ֆինանսական արդյունքով` բանկի մաքուր շահույթը կազմեց 39,8 մլն դոլար»,-հայտարարել է ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը:

Նիստի աշխատանքներին մասնակցեցին` ՌԴ կողմից արդյունաբերության ու առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն (Խորհրդի նախագահ), Ղազախստանի կողմից` ֆինանսների նախարար Բոլատ Ժամիշևը և վարչապետի տեղակալ, ինդուստրիայի և նոր տեխնոլոգիաների նախարար Ասետ Իսեկեշևը, Հայաստանից` էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը, Տաջիկստանից` ֆինանսների նախարար Սաֆարլի Նաջիմիդդինովը: