7 հունիսի 2010 - 18:29 AMT
Տիգրան Սարգսյան. Վարչապետը կարևորում է զբոսաշրջության ոլորտում իտալական փորձի կիրառումը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի միջև երկկողմ համագործակցության ներկայիս մակարդակը տնտեսական ու մշակութային ոլորտներում: Նա կարևորել է համագործակցության առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը և տնտեսական կապերի բազմազանության ապահովումը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է Միլանի նահանգի և Կոտայքի մարզի միջև ուղիղ կապերի հաստատման ու զարգացման կարևորությունը` նպատակաուղղված փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: Տիգրան Սարգսյանը ողջունելի է համարել իտալական ընկերությունների ներդրումային կապիտալի ընդլայնումը Հայաստանում` կարևորելով, մասնավորապես, Դիլիջանում ֆինանսական կենտրոնի կառուցումը: Բարձր է գնահատվել իտալացի մասնագետների մասնակցությունը Գյումրիում իրականացվող ծրագրերին:

Զրուցակիցները քննարկել են հայ-իտալական տնտեսական փոխշահավետ գործակցության խորացման մանրամասներ: Հեռանկարային է համարվել համագործակցության ընդլայնումը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության բնագավառներում: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զբոսաշրջության ոլորտում իտալական փորձի ուսումնասիրմամբ և կիրառմամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Միլանի նահանգային խորհրդի նախագահ Բրունո Դապեյը կարևորել է Միլանի հայ համայնքի դերը հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: Խոսելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցի մասին` Բրունո Դապեյը տեղեկացրել է, որ 2006 թվականին նահանգային խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկու փաստաթուղթ: