8 հունիսի 2010 - 20:16 AMT
«ՌԱՕ Մարս» տարածքում կարող է ազատ տնտեսական գոտի ստեղծվել

«ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում նորարարական տեխնոլոգիաների հիման վրա ազատ տնտեսական գոտու ստեղծման, ինչպես նաև վենչուրային հիմնադրամի ձևավորման հնարավորությունները հունիսի 8-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ քննարկեց ռուսական «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի ղեկավար կազմը` ընկերության նախագահ Սերգեյ Ասլանյանի գլխավորությամբ։Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունից:

«ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ն հիմնվել է 1988 թվականին: Ձեռնարկության սարքավորումները ներմուծված են ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Իտալիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից: Այդ սարքավորումները թույլ են տալիս բարդ էլեկտրոնային ու մեխնիկական արտադրանք մշակել և արտադրել:

2002 թվականին համաձայնագիր ստորագրվեց «ՌԱՕ Մարս» ՓԲԸ ձեռնարկությունը Ռուսաստանի տնօրինությանը հանձնելու վերաբերյալ` որպես Ռուսաստանին $93մլն-ի չափով Հայաստանի պարտքի մարում: Գործարանը ռուսական «Սիտրոնիկս» ընկերությանը հանձնվեց 2008 թվականին: