8 հունիսի 2010 - 21:09 AMT
Արամ Սաֆարյան. 2010 թվականի վերջին ղարաբաղյան գործընթացը կրկին կակտիվանա

«Ներկա պահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն այնպիսի փուլում է, երբ բացի Հայաստանից ու Ադրբեջանից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները նույնպես գնահատում են իրենց հնարավորությունները բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու հարցում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս փուլով և մտորում են այն հարցի շուրջ, թե որ առանցքով է հետագայում պետք գործադրել ջանքերը հակամարտության լուծման համար: «Կարծում եմ, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը դեռևս մի քանի ամիս կշարունակի հարաբերական դադարի վիճակում, այսինքն` առկա իրադրության վերաիմաստավորման փուլում գտնվել»,- նկատել է Սաֆարյանը` համոզմունք հայտնելով, որ տարեվերջին ղարաբաղյան գործընթացը կրկին կակտիվանա: Սաֆարյանի վստահությունը պայմանավորված է նրանով, որ ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության ընթացքում խնդրի կարգավորման գործընթացում պետք է առաջընթաց արձանագրվի: «Քանի որ այն պահին, երբ Ղազախստանը զբաղեցրեց ԵԱՀԿ նախագահի պաշտոնը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը բավական ակտիվ էր»,- հայտնել է պատգամավորը: