9 հունիսի 2010 - 18:14 AMT
Թողարկման է պատրաստվում Armenian PowerSpell 2010 ծրագրի նոր տարբերակը

Թողարկման է պատրաստվում Armenian PowerSpell 2010 ծրագրի նոր տարբերակը, որի օգնությամբ կարելի է աշխատել ոչ միայն Microsoft Word, այլև MS Excel ծրագրով: Armenian PowerSpell ծրագիրը թողարկվել է 2009 թվականին: Հայոց լեզվի քերականությունը ստուգող ծրագիրը (spellchecker) համատեղելի է Microsoft Word տեքստի խմբագրի հետ և ճանաչում է Armenian Standard և Unicode կոդավորումները: Ծրագիրը 600000 հայերեն բառ և բառաձև է պարունակում բառարանում: «Այս ծրագիրը բխում է ինչպես կոմերցիոն, այնպես էլ քաղաքական շահերից: Մարդն ավելի արդյունավետ է մտածում մայրենի լեզվով, այս ծրագիրը կօգնի կատարելագործելու հայերենը, քանի որ ազգի գրագիտությունը ռազմավարական խնդիր է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Armenian PowerSpell նախագծի ղեկավար Հայկ Պապյանը:

Ծրագիրն օգտագործում են նաև Հայաստանի Կենտրոնական բանկը, տարբեր նախարարություններ: Ծրագիրը Հայաստանում բեռնվել է 1200 համակարգիչների վրա: Ներկա պահին խումբն աշխատում է Armenian PowerDic զուգահեռ բառարանի վրա` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների համար, որն իր մեջ նաև քերականության ստուգման ու նույնանման բառերի հայտնաբերման ծրագիր է պարունակում: