10 հունիսի 2010 - 12:23 AMT
ԱՊՀ և Բալթիայի երկրների Պարտատոմսերի VII կոնգրեսը կանցնի Երևանում

2010 թվականի հուլիսի 1-2 Երևանում տեղի կունենա ԱՊՀ և Բալթիայի երկրների Պարտատոմսերի VII կոնգրեսը, որի կազմակերպիչն է Cbonds լրատվական գործակալությունը` ՆԱՍԴԱԿ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի աջակցությամբ: Ինչպես ասվում է բորսայի հաղորդագրության մեջ, պարտատոմսերի կոնգրեսն անց է կացվում 2004թ. ի վեր Համագործակցության անդամ երիրներից մեկի ֆինանսական կենտրոնում, որին մասնակցում են շուկայի մասնագետներ ԱՊՀ և Բալթիայի բոլոր երկրներից:

Երևանում Պարտատոմսերի կոնգրեսի անցկացման նպատակը Բալթիայի և ԱՊՀ երկրներում պարտքերի շուկայի արդի խնդիրների քննարկումն է այդ շուկայի անմիջական մասնակիցների կողմից, փորձի փոխանակումը, նոր գործարար կապերի հաստատումը: Ինչպես նաև պարտատոմսերի շուկայի ներկայացումը միջազգային հանրությանը և ներդրումային շահի աշխուժացումը Հայաստանի կապիտալի այս հատվածում:

Պարտատոմսերի VII կոնգրեսի հիմնական թեմաները կլինեն Հայաստանում ֆոնդային շուկայի զարգացումը, հետճգնաժամային շրջանը համաշխարհային ֆինանսական շուկաներում, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Բալթիայի երկրների պարտատոմսերի շուկաները: Արտաքին և ներքին շուկաներին առնչվող հարցերին նվիրված Կլոր սեղանի ժամանակ մասնակիցները կքննարկեն էմիտենտների ու ներդրողների շահերն ու գերակայություններն այդ ոլորտում: Նախատեսվում է, որ կոնգրեսին կմասնակցեն ԱՊՀ և Բալթիայի երկրների կապիտալի շուկաների շուրջ 200 պրոֆեսիոնալ մասնակիցներ: