10 հունիսի 2010 - 19:10 AMT
Մի խումբ ավստրիացի գործարարներ ճանաչողական այց կկատարեն Հայաստան

Հունիսի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխաել Փոսթլին: Ինչպես հաղորդում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում Ավստրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր գործունեությամբ կնպաստի հայ-ավստրիական տնտեսական և գործարար հարաբերություններում նոր հնարավորություններ փնտրելու գործընթացին: Նա նաև տեղեկացրել է, որ այս տարվա հունիսին նախատեսվում է ավստրիացի մի խումբ գործարարների ճանաչողական այց Հայաստան:

Զրույցի ընթացքում էկոնոմիկայի նախարարը, կարևորելով ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնումը, անդրադարձել է ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի և Ասոցացված համաձայնագրի առնչությամբ օրենքի մոտարկման, հարկային և մաքսային, սանիտարական և բուսասանիտարական, որակի ենթակառուցվածքների և այլ առաջնահերթ խնդիրներին: Նա նաև ընդգծել է զբոսաշրջության բնագավառում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները: