11 հունիսի 2010 - 13:28 AMT
ՀԿԵՈւ և ՎԵՈւ ներկայացուցիչները հանդիպել են հայ-վրացական սահմանում

Հունիսի 10-ին Բագրատաշեն սահմանամերձ կետում կայացել է «Վրացական երկաթուղի» ՍՊԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչների խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ներկայացուցիչները, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառույցների նախարարությունը, Վրաստանի ՆԳՆ պարեկային ծառայության դեպարտամենտը, Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:

Ինչպես հաղորդում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը, խորհրդակցությունը կազմակերպվել էր Երևան-Բաթումի-Երևան գնացքի թողարկումն ապահովելու և դրան առնչվող հարցերի համաձայնեցման նպատակով: Այդ թվում` գնացքի երթևեկության ժամանակացույցի հաստատումը, միջպետական ուղևորային սակագների համաձայնեցումը, բլանկային տոմսերի կիրառումն ԱՊՀ անդամ-երկրների երկաթուղային վարչակազմերի միջև համաձայնությանը համապատասխան, պետական սահմանը հատելու կանոնները և այլն: