11 հունիսի 2010 - 14:56 AMT
«Բարգավաճ Հայաստանը» կողմ է օտարալեզու դպրոցների բացմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթին, որով նախատեսում է փոփոխություններ կատարել ՀՀ «Լեզվի մասին» և ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքներում: Այդ մասին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Խմբակցությունը կողմ է օտարալեզու դպրոցների բացմանն այն դեպքում միայն, եթե օտարալեզու ուսուցումը կատարվի ավագ դպրոցից` 9-րդ դասարանից, իսկ 1-2 միջազգային դպրոցների պարագայում, օրինակ AD համակարգի դպրոցներում, բացառության կարգով, թույլատրելի է նման ուսուցում կազմակերպել 7-րդ դասարանից սկսած: Բայց, այս դեպքում ևս պետք է պաշտպանված լինի սոցիալական փաթեթը, այն է, որ այդ դպրոցներում սովորեն ոչ միայն ունևոր խավի երեխաները, այլ նաև անապահով շերտերի օժտված երեխաները: Միայն այս պարագայում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ կարտահայտվի այս նախաձեռնությանը: