12 հունիսի 2010 - 16:14 AMT
Սալադդին Ալլահվերդիև. Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հաջողության հասնել ղարաբաղյան հարցում առանց երրորդ կողմի

«Երբ ԵԱՀԿ Մխ-ն, որը զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, գրեթե 20 տարի է չի կարողանում ոչ մի հարց լուծել, ապա բնականաբար, ադրբեջանական կողմը հայտարարություններ կանի այն մասին, որ լուծման ճանապարհը պատերազմն է: Պատերազմ չի ցանկանում ոչ մեր կառավարությունը, ոչ ձերը, քանի որ պատերազմի դեպքում կպատերազմեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլ նաև այլ պետություններ, և հայտնի չէ, թե ինչպիսին կլինի արդյունքը»,-լրագրողների հետ զրույցում Սոցինտերնի խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, իրավապաշտպան Սալադդին Ալլահվերդիևը:

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության լուծման ավելի դյուրին կլինի հասնել, եթե հակամարտության կողմերին ոչ ոք չխանգարի: «Մեզ խանգարում են երրորդ կողմերը, որոնք բոլորին հայտնի են: Դրանք այն պետություններն են, որոնք ունեն իրենց տնտեսական ու քաղաքական շահերը տարածաշրջանում»,-ասել է Ալլահվերդիևը: Ընդ որում, նա հավելել է, որ Թուրքիան ևս իր շահերն ունի տարածաշրջանում, սակայն, ըստ նրա, նա այն սակավաթիվ պետություններից մեկն է, որը չի խանգարում այս հակամարտության հանգուցալուծմանը:

«Թուրքիան ոչ մեկի կողմը չի բռնում, նա միայն ասում է, որ Ղարաբաղի խնդրի լուծումից հետո, հայկական կողմը կկարողանա լուծել նրա հետ իր խնդիրները: Բնականաբար, մենք թուրքալեզու պետություն ենք, ինչպես և ԱՊՀ մի քանի այլ երկրներ, սակայն մենք ադրբեջանցիներ ենք, ոչ թե թուրքեր»,-նշել է նա:

Անդրադառնալով խորհրդաժողովի աշխատանքին`Ալլահվերդիևը նշել է, որ նման միջոցառումները և հանդիպումները նպաստում են կողմերի միջև երկխոսության հաստատմանը:

Ադրբեջանի ռազմական դոկտրինում վերջին ուղղման առնչությամբ, որը հակասում է այդ երկրի սահմանադրությանը, ադրբեջանցի քաղաքագետը նշել է, որ նման փոփոխություն կատարելով Ադրբեջանն առաջին հերթին հղում է կատարում միջազգային նորմերին: «Այս դեպքում ՄԱԿ-ի Կանոնադրությանը, որտեղ հստակ գրված է, որ այն պետությունը, որի տարածքը գրավված է մեկ այլ պետության կողմից, իրավունք ունի, չխախտելով պատերազմը վարելու միջազգային նորմերը, ուժով ազատագրել իր տարածքը: Եթե խնդիրներ կան ներքաղաքական օրենսդրության մեջ, ապա պետք է հղում անել միջազգային նորմերի վրա»,-ասել է նա: